ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Գյումրիում մեքենաներ են բախվել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 21-ին` ժամը 23:15-ին, ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի «Հայուհու» հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» և «Mercedes-Benz C180» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել քաղաքացիներից մեկի դին և երկու տուժածի։
Տուժածներից մեկը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ մյուս տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։