Առաջիկայում կա նման հնարավորություն. Միրզոյանը` Լավրովի և Բայրամովի հետ հանդիպման մասին

Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը. արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ այժմ Ադրբեջանի հետ բանակցություններն ընթանում են հեռավար ռեժիմով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական հանդիպումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է ՀՀ–ի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման թեման։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օրերս Մոսկվա կայացած այցին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Բնականաբար, այս թեման քննարկվել է, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա։ 2022-ի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր նման եռակողմ հանդիպում, սակայն մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, քանի որ Լաչինի միջանցքն ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Բանակցություններն ընթանում են հեռավար տեսքով, սակայն ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսեն ֆիզիկական հանդիպումներ»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է մոսկովյան կատարած այցը գնահատելուն, ապա ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ իր գնահատականը միանշանակ է` բավական անկեղծ և կառուցողական խոսակցություն է տեղի ունեցել իր և Լավրովի միջև, ինչպես նաև ընդլայնված կազմերով պատվիրակությունների միջև բանակցություններում։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին։
Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելուց. Միրզոյան
«Հանդիպումներում ներկայացրել ենք վերջին զարգացումները, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, այո՛, իհարկե, ակնկալում ենք։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, իսկ Ադրբեջանն էլ պետք է ապահովի անխափան երթևեկությունը, ուստի երկու երկրներն էլ անելիքներ ունեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ»,–ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել մարտի 20-ին։
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը հագեցած էր. Սերգեյ Լավրով