Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացել է Երուսաղեմի իր աղբյուրներից։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Երուսաղեմից Sputnik Արմենիային ուղարկված տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։
Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:
Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները: