ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Թուրքիայի զինված ուժերի երկու լեյտենանտ և մեկ ավագ լեյտենանտ են ձերբակալվել, որոնք մեղադրվում են Հաթայի ժանդարմերիայի բաժանմունքում Սիրիայի քաղաքացիներին ծեծի ենթարկելու և դիզելային վառելիք խմել հարկադրելու մահվան փաստով սկսված հետաքննության շրջանակում: Տեղեկությունը հայտնում է tr724.com հարթակը։
Նշվում է, որ ծեծի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել մարտի 11-ին, երբ սիրիացիները հատել են Թուրքիայի հետ սահմանը:
Ոստիկանության բաժանմունքում դաժան խոշտանգումների ենթարկված սիրիացիներից երկուսը մահացել են, երկուսը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Փաստաբան Այչի Սոյլեմեզի խոսքով՝ Ռեյհանլիի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ժանդարմերիայի սպաների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, խոշտանգել են Սիրիայի քաղաքացիներին։ Նրանք մեղադրվում են սպանության մեջ։
Նշվում է, որ ցուցմունք տված երեք զինծառայողներն ազատ են արձակվել դատական հսկողության ներքո։
Զինծառայողներից մեկը հայտնել է, որ անձամբ է լսել, թե ինչպես են ծեծում սիրիացիներին, որոնց նստեցրել են մեքենա ոստիկանական բաժանմունք տանելու համար: