Մեր գործը ռիսկերը գնահատելը և «բարձիկներ» ունենալն է. ՀՀ ֆիննախը` ՊՆ–ի և այլ ծախսերի մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է 2022թ–ի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման որոշ ցուցանիշներ, խոսել նաև 2023թ–ի հնարավոր տնտեսական զարգացումների ու դրանց` Հայաստանի պատրաստ լինելու մասին։
Sputnik
- Հայաստանը որոշել է հանդես գալ որպես Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր` այդ նպատակով փոխանցելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։ 2014 թվականից Հայաստանը Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից օգտվող երկիր չի հանդիսանում, բայց որոշել է դոնորի կարգավիճակով համագործակցել կազմակերպության հետ։ Ի՞նչ կտա սա ՀՀ–ին։
- Դուք ճիշտ եք։ Քանի որ Հայաստանն արդեն դասվում է միջին եկամտաբերությամբ երկրների շարքին, այլևս չի օգտվում նման միջոցների հասանելիությունից։ Եվ մենք որոշեցինք, որ Հայաստանն արդեն իսկ այնպիսի կարգավիճակ ունի, որ կարող է ինքը սկսել աջակցել աջակցության կարիք ունեցող երկրներին։ Դրանք ցածր եկամուտ ունեցող երկրներն են, որոնց շարքում ժամանակին նաև մենք էինք գտնվում և օգնություն էինք ստանում։ Հիմա մենք արդեն փաստացի օգնություն ենք տալու այն երկրներին, որոնք դրա կարիքը ունեն։ Ես կարծում եմ, որ սա մշակութային ու հոգեբանական մի փոփոխություն է, որ մենք` որպես երկիր, հասկանանք, որ պարտք ունենք վճարելու կարիքի մեջ գտնվող երկրներին։
- Սա մեր անձնական որոշո՞ւմն է, թե՞ միջազգային կառույցների պարտադրանքը։
- Այստեղ որևէ պարտադրանք չկա։ Ցանկացած երկիր ինքն է որոշում ընդունում իր անդամակցության հետ կապված։ Եվ սա մեր որոշումն է եղել։ Ավելին ասեմ` ապագայում մենք Ասիական զարգացման բանկում ևս հանդես կգանք որպես դոնոր։ Մեր մասնակցությունն այս պահին սիմվոլիկ է, այսինքն` ընդամենը 1 մլն դոլար ենք վճարելու, որով փորձում ենք ցույց տալ, որ Հայաստանը փոխել է իր կարգավիճակը։ Պետք է նշեմ նաև, որ մեր հարևան բոլոր երկրները, բացի Իրանից, որը կազմակերպությանը չի անդամակցում, արդեն իսկ տարիներ շարունակ ՄԶԸ դոնորներ են։
- 1 մլն դոլարը մեզ հնարավորություն տալի՞ս է նաև ձայնի իրավունք ունենալու, կազմակերպությունում որոշումների վրա ազդեցություն ունենալու առումով։
- Որոշումները կայացվում են ոչ թե գումարի չափից կախված, այլ ամեն մեկն ունի միայն 1 ձայն։
ՄԶԸ բոլոր դոնոր երկրները կազմակերպությունում ունեն 1-ական ձայնի իրավունք` անկախ վճարած գումարի չափից։ Հետևաբար, Հայաստանը 1 մլն դոլար վճարելով, քվեարկելու է և քննարկելու է հարցերը, ինչպես, օրինակ, ԱՄՆ–ն։
- 2022 թվականը Հայաստանն ավարտեց ՀՆԱ-ի 12.6%-անոց աճով։ Ապագայի կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։ Միջազգային տարբեր կառույցների կանխատեսումներով` 2023-ին աճի դանդաղում ենք ունենալու։ ՀՀ կառավարությունը կանխատեսումների հետ համաձա՞յն է։
- Այս հարցը միշտ քննարկման օրակարգում է, որովհետև տնտեսական աճը հաշվարկելու տարբեր մոտեցումներ կան։ 7 տոկոս տնտեսական աճի թիրախը, որ մենք դրել ենք 2023թ–ի և ընդհանրապես կառավարության ծրագրի իրականացման ամբողջ ընթացքի համար, մենք այդպես էլ կոչում ենք` «թիրախ»։ Այսինքն`սա ոչ թե կանխատեսում է, այլ թիրախային ցուցանիշ, որ կառավարությունը ելնում է այդ թիրախից. սահմանում է 7 տոկոս, այնուհետև հաշվարկում է, թե ինչ է պետք անել, որպեսզի Հայաստանը կարողանա ունենալ այդ 7 տոկոսը։
Խնդիրներ լինելու են. ֆիննախը և ՊԵԿ–ը պատրաստվում են եկամուտների հայտարարագրման գործընթացին
Բնականաբար, այդ անելիքների ռիսկերն էլ համապատասխանաբար գնահատվում են։ Դա կախված է ոչ միայն կառավարության անելիքների հետ, այլև մասնավոր հատվածի ներդրումների, արտահանման ծավալների և այլն։ Նախանշվում են այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է նպաստեն այդ թիրախի իրականացմանը։ Օրինակ` եթե մեք ուզում ենք ներդրումներն ավելացնել, իրականացնում ենք լիզինգի ծրագրեր, սուբսիդավորում ենք տեխնոլոգիական թարմացումները և ներդրումները։ Այլ գործիքներով թիրախավորում ենք արտահանման ծրագրերը։ Այս տարբեր գործիքակազմերով փորձում ենք ապահովել և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մեր թիրախներն իրականություն կդառնան։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Հայաստանում 2022 թվականին գրանցված 12.5% տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուս ռելոկանտների գործունեությամբ։ Կա՞ն ուսումնասիրություններ, թե տոկոսային կամ բացարձակ ցուցանիշով կոնկրետ որքան է եղել այդ բաղադրիչի ազդեցությունը տնտեսական աճի կառուցվածքում։
- Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակը ստեղծել է դրական պայմաններ մեր տնտեսական աճի համար, որը պայմանավորված է թե՛ մարդկանց, թե՛ ֆինանսական միջոցների ներհոսքով, ինչպես նաև մեր տնտեսվարողների համար արտահանման հավելյալ հնարավորություններով։ Այս բոլոր ուղղություններով մենք ունենք բավականին մեծ առաջխաղացում։ Եթե խոսենք այն մասին, թե որքան է կազմում այդ գործոնի ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա, մեր կարծիքով` դա կկազմի շուրջ 6 տոկոս։ Այսինքն` եթե այդ գործոնը չլիներ, մենք կունենայինք էլի 7 տոկոսին մոտ տնտեսական աճ։
- Այսինքն` այնքան, որքան նախատեսում ենք ունենալ այս տարի։
- Այնքան, որքան նախատեսում ենք ունենալ այս տարի, հաջորդ տարի ու նաև 2025թ–ին։
- Իսկ այլ սցենարներ դիտարկո՞ւմ է կառավարությունը, օրինակ, աշխարհաքաղաքական իրավիճակից կախված։ Գուցե նոր ներհոսք է սպասվում, կամ հակառակը` IT ընկերություններ ունենք այսօր ՀՀ–ում աշխատող, որոնք ինչ–ինչ պայմաններից ելնելով` կարող են հեռանալ Հայաստանից։ Այս դեպքերում 7 տոկոսը մնո՞ւմ է թիրախային, թե՞ փոփոխման ենթակա է։
- Սա շատ կարևոր հարց է, և մենք այն քննարկում ենք նաև կառավարությունում։ Սա ֆինանսների նախարարության կարևորագույն գործառույթն է, որպեսզի գնահատի այն բոլոր ռիսկերը, որոնք առկա են և որոնք ազդելու են մեր ֆիսկալ պլանավորման վրա։ Այսինքն` մենք գնահատում ենք թե՛ միգրացիոն հոսքերի ազդեցությունը, թե՛ տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ սպասվող իրավիճակը, թե՛ լոգիստիկ իրավիճակը, թե՛ այն իրավիճակը, որ կարող է ստեղծվել արտահանման մեջ, կամ եթե ներդրումների մեր կանխատեսումները չիրականանան։
Հիմա, եթե ձեզ հետաքրքիր է, ես կարող եմ մանրամասն ասել։ Օրինակ` 2022թ–ին ՌԴ–ից Հայաստան զբոսաշրջությունն, ինչպես ասացի, կտրուկ ավելացել է. եթե 2021թ–ին կազմել է 351 000 մարդ, ապա 2022-ին հասել է 790 000–ի։ Շուրջ 2.3 անգամ ավելացում ունենք։ Դա նաև ավելի է 2019թ–ի ցուցանիշից։
Եթե խոսենք փոխանցումների մասին, դրամական ներհոսքը 2022թ–ին կազմել է շուրջ 5.2 մլրդ դոլար` 2021 թ–ի 2.1 մլրդ–ի համեմատ աճելով շուրջ 2.5 անգամ։ Այս 5.2–ից 3.6 մլրդ–ը վերաբերում է հենց ՌԴ–ին։
Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա այն 2022–ին կազմել է 2.6 մլրդ դոլար, որից 2.2–ը փոխանցվել է երրորդ երկրներ, ոչ ՌԴ։
- ԿԲ նախագահն իր վերջին ասուլիսում բավական մեծ շեշտադրում արեց Ամուլսարի հանքավայրի շահագործման վրա։ Եթե դա չիրականանա, մենք շա՞տ բան կկորցնենք բյուջեում։
- Ճիշտն ասած` այն սցենարում, որը մենք ներկայացրել ենք այս պահին կառավարություն, և որով մենք հիմա քննարկում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը մինչև 2026թ–ը, Ամուլսարից սպասվող գումարներն այդտեղ ներառված չեն։ Այն, ինչ մենք ներկայացրել ենք, առանց այդ ցուցանիշի է։
- Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ–ում ասել էր, որ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք գտնվում են հաստատման տարբեր փուլերում։ Կարծում եմ` որպես ֆինանսների նախարար` պետք է, որ տեղյակ լինեք այդ ծրագրերից։ ի՞նչ ծրագրեր են դրանք, ի՞նչ փուլում են, ովքե՞ր են ներդրողները։
- Իհարկե, այս հարցին ավելի մանրամասն կարող է պատասխանել պարոն Քերոբյանը (ՀՀ էկոնոմիկայի նախարարը,–խմբ.), բայց, քանի որ ֆինանսների նախարարությունը ներգրավված է բոլոր ծրագրերի քննարկումներին ու նաև մենք մեր կարծիքն ենք տալիս ցանկացած ծրագրի վերաբերյալ, թե կառավարությունն ինչ պետք է անի դրանց հետ կապված, մենք մասնակցում ենք բոլոր քննարկումներին։
Կարող եմ առանձնացնել մի քանի ծրագիր, որոնք ներկայացվել են։ 2 ծրագիր կա, որոնք հավանության են արժանացել ներդրումային կոմիտեի կողմից. Շիրակի մարզում Չոր նավահանգստի կառուցման աշխատանքներն են և Արենի համայնքում զբոսաշրջային կլաստերի ծրագիրը։
Դա նշանակում է, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը պետք է հավելյալ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնի, որպեսզի մենք համոզվենք, որ ներդրումներն այս երկու ծրագրերում արդարացված են։ Այսինքն` ներդրումային կոմիտեն թույլ է տվել էկոնոմիկայի նախարարությանն իրականացնել տեխնիկատնտեսական հետազոտություն։
Հայաստանի պետական պարտքն աճել է. ինչպես է այն փոխվել 2012-2022 թվականներին
Կային նաև այլ ծրագրեր, որոնք հավանության չեն արժանացել, և դրանցով մեր հետագա աշխատանքը տեղի չի ունենալու։ Համարվել է, որ իմաստ չունի այդ ծրագրերով առաջ գնալ։ Բայց նաև կան ծրագրեր, հավանաբար լսած կլինեք «Մայլեր» ծրագրի մասին, կառավարության որոշմամբ հաստատված «Ռիդ» ընկերության ծրագրի մասին, որով կառավարությունն այս ընկերությանը նախ իրավունք էր տալիս որոշակի հողեր գնել, մյուս կողմից պարտավորություն էր ստանձնում ենթակառուցվածքների մեջ ներդրումներ կատարելու։
Սրանք են հիմնական մեծ ծրագրերը, բայց, բնականաբար, կան ծրագրեր, որոնք քննարկումների փուլում են։ Մենք ուսումնասիրում ենք դրանք, հարցեր ենք տալիս։ Եթե մենք գործ ունենք հանրային միջոցների հետ, մեր քաղաքացիների միջոցների, որոնք պետք է տրամադրենք ինչ–որ մասնավոր ընկերությունների, մենք պետք է հասկանանք, թե արդյոք այդ ներդրումները ստեղծելու են այնքան մեծ հանրային բարիք, որ արժանի լինեն պետության կողմից հատուկ ուշադրության։
Քանի որ Շիրակի «չոր նավահանգստի» մասին շատ է խոսվում, փաստորեն այս ծրագիրն ընդամենն արժանացել է կառավարության հավանությանը, բայց որևէ առաջխաղացում դեռ չկա՞։ Գոնե հայտնի՞ է, թե որ ընկերությունն է իրականացնելու ծրագիրը։
- Ես նման տեղեկություն չունեմ։ Ինչպես ասացի` էկոնոմիկայի նախարարությունը հիմա պետք է իրականացնի տեխնիկատնտեսական վերլուծություն։ Այսինքն` մենք ունենք գաղափար, որ կարելի է այսպիսի մեծ կենտրոն կառուցել Հայաստանում, բայց այդ գաղափարն ինչպես է ֆինանսապես հիմնավորվում, դա պետք է ուսումնասիրվի մանրամասն և ներկայացվի կառավարությանը, որպեսզի կառավարությունը հավանություն տա` թե՛ այդ ծրագիրն իրականացնելու իրատեսությանը, և թե՛ ձևին։ Որովհետև դա էլ է շատ կարևոր, թե ով պետք է դա իրականացնի, ինչ պայմանագրային հարաբերություններում պետք է այդ հարցը լուծվի, դա պետք է լինի մասնավոր–պետություն գործընկերության շրջանակո՞ւմ, պետությո՞ւնը պետք է անի, թե՞ մասնավորը։ Դերերը պետք է հստակ բաշխվեն, որովհետև կարող է գաղափարը շատ լավը լինել, բայց սխալ ձևով իրականացվելու արդյունքում չաշխատել։ Սրանք հարցեր են, որոնց այս ուսումնասիրության արդյունքում պետք է պատասխաններ տրվեն։ Դրանից հետո արդեն մանրամասն կներկայացնենք արդյունքները։
- Ի դեպ, պետություն–մասնավոր համագործակցության համատեքստում, մենք արդեն 2 մասնավոր հանքարդյունաբերական ընկերություն ունենք` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Ամուլսարի հանքավայրը, որտեղ պետությունը մասնաբաժին ունի։ Որպես ֆինանանսերի նախարար, հետաքրքիր է Ձեր կարծիքը`պետությունը պե՞տք է մասնակցի նման խոշոր ընկերությունների կառավարմանը, և պե՞տք է ունենա իր հանքերից եկամուտներ։
- Եթե խոսենք զուտ պետություն– մասնավոր գործընկերությունից, ապա կարող ենք ասել, որ այդ փայաբաժինները, որ ունի պետությունը Ձեր նշած ընկերություններում, ՊՄԳ (պետություն–մասնավոր գործունեություն) չէ, դա պետության մասնակցություն է ինչ–որ մասնավոր ՓԲԸ–ի մասնաբաժնում։ Դա կարևոր հարց է, և որոշումը կայացնում է քաղաքականություն մշակող մարմինը` թե ինչքանով է նպատակահարմար, որ պետությունը մասնաբաժին ունենա այս կամ այն մասնավոր ձեռնարկությունում։ Եվ սա մի հարց է, որը մենք հիմա քննարկում ենք և առաջիկայում կմշակենք քաղաքականություն, թե կառավարությունը պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հետ կապված ինչ քաղաքականություն պետք է իրականացնի, որտեղ պետք է ներդրում անի, որտեղ պետք է փայ ունենա ու որտեղ իմաստ չունի փայ ունենալ։ Սրանք այն հարցերն են, որոնք քաղաքականության մշակման շրջանակներում պետք է իրականացվեն։ Բայց զուտ հանքարդյունաբերական ընկերություններում մասնաբաժին ունենալու հետ կապված, քանի որ մենք քաղաքականություն մշակող չենք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե ինչքանով է դա նպատակահարմար։
- Իսկ որպես ֆինանսիստ կո՞ղմ եք։
- Որպես ֆինանսիստ բնականաբար կողմ եմ, որովհետև եթե դրանք շահույթով աշխատող ընկերություններ են, դա կառավարության համար հավելյալ եկամուտ է լինելու, որը ծախսվելու է հանրային բարիքներ ստեղծելու համար։ Այս առումով շատ դրական է։ Բայց այստեղ նաև ոլորտային հարցեր կան, թե որքանով է դա նպաստում ոլորտի զարգացմանը, որքանով է խոչընդոտում։ Դրանք այն հարցերն են, որ ոլորտային մասնագետները կարող են պատասխանել։
- 2022թ–ն ավարտեցինք, արդեն որոշակի ցուցանիշներ կան։ Բյուջեն ուսումնասիրվե՞լ է, կատարողականներ կազմվե՞լ են։ Հայտնի՞ է արդեն` ինչ ունենք տարվա կտրվածքով`թերկատարումներ, գերակատարումներ... Կաապիտալ ծախսերն ի՞նչ վիճակում են, քանի որ այս գծով միշտ թերակատարումներ ենք ունենում։
- Ես ձեռքիս տակ ունեմ մի աղյուսակ, որն ամփոփում է 2022թ–ի բյուջեի թվերը, և որտեղ երևի թե բոլոր նորությունները լավն են։ Եվ ես ինքս շատ ուրախացա, երբ տեսա այս աղյուսակը։
Ուրեմն` 2022թ–ի բյուջեն կազմելիս մենք պլանավորել էինք 1 տրլն 844 մլրդ –ին մոտ հարկային եկամուտների հավաքագրում։ Մենք կարողացել ենք հավաքել 82 մլրդ դրամով ավել գումար։ Մենք կարողացել ենք նաև այլ եկամուտների գծով ապահովել 60 մլրդ–ով ավելի գումար։ Սա բավականին լուրջ գերակատարում է, որը կապված է հիմնականում տնտեսական աճի բարձր ցուցանիշների հետ։
Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում
Եթե խոսենք կապիտալ ծախսերի մասին, ապա մենք տարվա սկզբում պլանավորել էինք շուրջ 342 մլրդ–ի կապիտալ ծախսեր։ Եվ մեր ընդդիմադիր գործընկերներն ասում էին, որ սա իրատեսական չէ, որովհետև եթե մենք հազիվ կարողանում ենք ծախսել 200 մլրդ, ինչպես եք դուք պլանավորում 342 մլրդ։ Մենք պատասխանում էինք, որ որոշկի ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք մեզ հույս են տալիս, որ կառավարությունն իր կապիտալ ծախսեր անելու կարողությունը պետք է բարելավի մյուս տարի։ Եվ մենք ոչ միայն ռաջնորդվել ենք 342 մլրդ դրամով, այլև պլանն ավելացրել ենք մինչև 410 մլրդ` ի հաշիվ հավելյալ հավաքագրված եկամուտների։ Արդյունքում կապիտալ ծախսեր ենք իրականացրել 389 մլրդ դրամի չափով։
Հիմա կարող ենք մանրամասնել, թե ինչ կապիտալ ծախսեր են դրանք։
Մի կարևոր հանգամանք կա, որին նաև կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել։ Անցած տարվա վերջում բավական շատ էր խոսվում այն մասին, որ ՊՆ–ի կապիտալ ծախսերը չեն իրականացվում, գումարը տրված է, ՊՆ–ն գումարը չի ծախսում։ 2022թ–ի համար մենք պլանավորել էինք 122 մլրդ դրամի ծախս, բայց տարվա ընթացքում ավելացրել ենք պլանը գրեթե 2 անգամ և պլանավորել ենք ծախսել 237 մլրդ, որը 100 տոկոսով իրականացվել է։
- Պաշտպանության նախարարն ասում է, որ մենք սահմանագծին դեռ անելիքներ շատ ունենք։ Բացված ունե՞նք` ինչ աշխատանքներ են կատարված`զորամասե՞ր են կառուցվել, պաշտպանական շինություննե՞ր են, թե՞ սահմանագծի վրա են աշխատանքներ տարվել։
- Սովորաբար ՊՆ–ի կապիտալ ծախսերը չեն բացվում։ Սա ընդհանուր գումար է, որը ծախսվում է ՊՆ–ի կողմից։ Մենք որոշել ենք առանձին վերլուծել վարկային ծրագրերով իրանացվող ծախսերը և մեր եկամուտներով պլանավորված կապիտալ ծախսերը։
Հիմա եթե վարկային ծրագրերով իրականացվող ծախսերը մի կողմ դնենք, ապա կարելի է ասել, որ, եթե մենք 2021թ–ին ծախսել ենք 46 մլրդ, ապա 2022թ–ին կարողացել ենք ծախսել 97 մլրդ։
- 2022թ–ին շատ փորձագետներ նշում էին, որ դրամի արժևորումը արտարժույթի նկատմամբ հօգուտ Հայաստանի տնտեսության էր։ 2023-ի համար հակառակ կանխատեսումներ կան։ Եվրասիական զարգացման բանկի կանխատեսմամբ` 2023 թվականին դոլարի միջին տարեկան փոխարժեքը կկազմի 438 դրամ, 2024-ին՝ 465։ Մեր տնտեսության համար վտանագավոր չի՞ լինի դոլարի միանգամից թանկացումը։
- Իհարկե, դա դրական է մեր պարտքի առումով, որովհետև մեր պարտքի կեսից ավելին արտարժույթով է։ Բայց ես միանշանակ չէի ասի, որ դրամի արժևորումը դրական է ազդել մեր տնտեսության վրա։ Շատ տնտեսվարողներ շատ դժվարին իրավիճակներում են հայտնվել։ Դրա պատճառով նաև կառավարությունը որոշակի ծրագրեր է իրականացնում այդ տնտեսվարողներին աջակցելու համար։ Դա հիմնականում արտահանողներն են և արտերկրից արտարժույթով եկամուտ սացող տնտեսվարողները։
Ինչ վերաբերում է տարբեր կանխատեսումներին, դրանք հիմնականում հիմնված են ինչ–որ ենթադրությունների վրա։ Պետք է հասկանանք, թե ինչ ենթադրությունների վրա է հիմնված այս կանխատեսումը։ Դրանք հասարակ բանաձևերով հաշվվող թվեր են, ու ոչ ոք չգիտի` այդ ենթադրություններն իրականություն կդառնան, թե չէ։ Ֆինանսների նախարարությունը սովորաբար նման կանխատեսումներով չի զբաղվում։ Մենք այլ բան ենք անում. մենք ռիսկերն ենք գնահատում։ Օրինակ, եթե ասում եք` դոլարի փոխարժեքը 438 է բարձրանալու, մենք ռիսկերը գնահատում ենք, թե ինչ կորուստներ կարող ենք ունենալ դրա հետևանքով և ինչ պահուստ պետք է ձևավորենք դրանից խուսափելու համար։
2022–ին ԵԱԶԲ–ն Հայաստանում ֆինանսավորել է մոտ 100 մլն դրամի ծրագիր
Կարող է լինել այլ սցենար, թե 500 դրամ կուրսի դեպքում ինչ կարող է լինել։ Ու սա վերաբերում է ոչ միայն փոխարժեքին, այլև տնտեսական տարբեր երևույթներին, որոնք ազդում են տնտեսության ընդհանուր վիճակի վրա։
Մեր աշխատանքը ռիսկերը ճիշտ գնահատելն է, դրա արդյունքում ճիշտ ռեզերվներ ձևավորելն ու ճիշտ «բարձիկներ» ունենալը, որպեսզի այդ ռիսկերի իրականություն դառնալու դեպքում երկրի տնտեսությունը շոկի չենթարկվի։ Կամ եթե լինի շոկ, այդ շոկը հնարավորինս մեղմենք։
Բայց ես շատ լավատես եմ ապագայի նկատմամբ, որովհետև մենք կարծես թե հնարավորություն ունենք այդ ռիսկերի համար բավարար «բարձիկներ» ձևավորելու։