Փորձել են անօրինական եղանակով 122 տոննա վառելիք ներմուծել Հայաստան. ՊԵԿ–ը կանխել է

Մաքսային վճարներից խուսափելու համար 5 բեռնատար ավտոմեքենայով բերված ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք, սակայն այնտեղ եղել է գազոյլ։
Sputnik
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել է ՊԵԿ–ի կայքում։
«Տնտեսավարող սուբյեկտը, Իրանից Հայաստան ներմուծված ապրանքը իրական անվանումներով չհայտարարագրելով, փորձել է խուսափել պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային վճարներից»,– ասված է հաղորդագրությունում։
Նա 5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։
Սակայն նյութագիտական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարում եղել է գազոյլ, ինչը որպես հավելյալ բաղադրանյութ օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ:
Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն։
ՀՀ–ում մեքենաների ներկրմամբ զբաղվող անձը պետությունից ավելի քան 406 մլն դրամ է հափշտակել