Զարգացման հապաղում ունեցող Աննան կավագործության ուսուցիչ է. աղջկա հաջողության պատմությունը

Կավագործության ուսուցիչ Աննան
Սովորելու համար երբեք ուշ չէ. այսպես զարգացման հապաղում ունեցող աղջկա մայրիկը որոշեց կավագործություն սովորել, որ դառնա դստեր օգնականը նրա ստեղծած խմբակում:
Sputnik
Ծնվեց առողջ երեխա, իսկ երկու տարի անց ընտանիքի կյանքը գլխիվայր շուռ եկավ: Հանկարծ հասկացան՝ Աննան իր տարեկիցների նման չի զարգանում: Որտե՞ղ ենք սխալվել, ի՞նչ ենք բաց թողել. այս ու այլ հարցերով ընտանիքը դիմեց տարբեր մասնագետների: Զարգացման հապաղում, որը կարող է առաջանալ երեխայի վաղ տարիքում տարբեր գործոնների ազդեցությամբ. այսպիսին էր պատասխանը:
Աննայի մայրիկը՝ Գայանե Միկոյանը
Մայրիկը՝ Գայանե Միկոյանը, ասում է՝ Աննան սպասված երեխա էր, երկու որդի արդեն ունեին, ավելի հասուն տարիքում էին ու ավելի գիտակցված էին պատրաստ երրորդ անգամ ծնող դառնալուն: Հղիությունն ու ծննդաբերությունն անցել են առանց խնդիրների:
«Պատվաստումներից հետո նկատեցինք, որ թևի վրա կարմիր բան է դուրս եկել, մասնագետների ցույց տվեցինք, պարզվեց՝ հեմանգիոմա է: Երեխան մի քանի ամսական էր, պետք է սպասեինք՝ մինչև մի քիչ մեծանար, որ հետազոտվեր, որոշվեր, թե ինչ է արվելու: 1 տարի հետո մեկն էլ ուսի վրա դուրս եկավ»,- պատմում է Գայանեն:
Տիկին Գայանեն` կավագործության խմբակի երեխաների հետ
2 տարեկանում որոշվեց վիրահատական ճանապարհով հեռացնել հեմանգիոմաները: Թեպետ վիրահատությունը լավ անցավ, բայց դրանից հետո երեխան փոխվեց, անգամ հայացքն էր ուրիշ՝ սառը, անտարբեր:
«Մինչև վիրահատությունը միայն բառեր էր ասում, բայց լրիվ ադեկվատ երեխա էր, վիրահատությունից հետո անգամ ձայն չէր հանում, միայն ուտում էր ու քնում»:
Ու սկսվեց երկար, դժվար ճանապարհը. Աննային տանում էին տարբեր մասնագետների մոտ ՝ հույսով, հավատով, որ երեխային կօգնեն:
«Անցանք զարգացման դեղերի, դրանից էլ Աննայի մոտ ցնցումներ սկսվեցին…»,- Գայանեի պատմությունն ընդհատում են արցունքները, հիշողությունը ստիպում է նորից վերապրել անորոշության, երբեմն էլ վրա հասնող հուսահատության մղձավանջը:
Որոշեցին՝ չեն հանձնվելու. 15 տարի շարունակ ընտանիքը պայքարեց Աննայի հետ ու հանուն Աննայի՝ զարգացման կենտրոններ, տարատեսակ խմբակներ, Աննան նաև դպրոց է հաճախել, 9-րդ դասարանն ավարտել: Ոչ մի հնարավորություն ձեռքերից բաց չեն թողել, ոչ մի ջանք չեն խնայել, որ երեխան շփվի, զարգանա: Զարգացման հապաղումը ոչ միայն մտավոր և հոգեկան դաշտում է դրսևորվում, այլև ֆիզիկական:
Բայց այսօր արդեն 20-ամյա Աննան գրքեր է կարդում, կարողանում է գումարում-հանում անել: Այս տարիների ընթացքում արվեստի ու արհեստի տարբեր ճյուղերի է ծանոթացել, ամենաշատը սիրել է բրուտագործությունը: 7 տարի հաճախել է Մուղդուսյան արվեստի կենտրոն, բավականին լուրջ առաջընթաց ունեցել: Հիմա էլ որոշել է իր հմտությունն ու գիտելիքները փոքրիկներին փոխանցել: Արդեն մի քանի շաբաթ է` իրենց գյուղում՝ Արմավիրի Մերձավանում, կավագործության խմբակ է վարում: Արդեն մոտ 15 աշակերտ ունի: Հիմա մայրիկն էլ է կավի հետ աշխատել սովորում, որ օգնի դստերը խմբակի հարցերում: Ծրագրի են դիմել, պատրաստվում են նաև թրծման վառարան ձեռքբերել:
Աննան մայրիկի հետ
«Սիրում եմ ծաղիկներ պատրաստել»,- ասում է Աննան ու շտապում ինձ էլ սովորեցնել: Ու թեպետ իմ ձեռքում կավը ոչ մի կերպ վարդի չի նմանվում, բայց Աննան քաջալերում է, պնդում՝ կստացվի, էլի փորձեմ: Աղջիկը բարի է, կարեկցող, հոգատար:
Այն, ինչին Աննան այսօր հասել է, Գայանեն հաջողության պատմություն է համարում:
Աննան երեխաներին կավագործություն է սովորացնում
«Ես իրեն միշտ ասել եմ՝ առաջ գնա, դու կարող ես, ինքդ արա: Թեպետ սեփական մեքենա ունենք, բայց հաճախ հենց հասարակական տրանսպորտով ենք տեղ գնում, ասում եմ՝ դու վարորդին ասա, որ կանգառում կանգնի, ինքդ ասա: Մեզ մոտ սկզբունք է՝ մեր ընտանիքում առաջին հերթին պետք է հարգեն Աննային, նոր մեզ, որովհետև ինքն է առաջնայինը մեզ համար: Այսպես պետք է լինի, բայց շատ ծնողներ այնքան ընկճված են հոգով, որ չեն կարող ու պատրաստ չեն այս ամենին»:
1 / 9

Աննան և կավագործության խմբակի երեխաները

2 / 9

Աննան իր աշակերտներից մեկի հետ

3 / 9

Աննայի պատրաստած կավե վարդը

4 / 9

Կավագործության վարպետ Մերին դասեր է տալիս Աննային և նրա մայրիկին

5 / 9

Աննայի խմբակի փոքրիկ աշակերտուհին

6 / 9

Աննայի աշակերտուհիներից

7 / 9

Աննայի խմբակի անդամները

8 / 9

Կավագործ Մերին խմբակի դասերին

9 / 9

Աննայի կավագործության խմբակում

Գայանեի կարծիքով՝ շատ լավ կլիներ, որ Աննայի նման երեխաների ծնողների համար հատուկ սեմինարներ, հանդիպումներ անցկացվեն, հաջողության պատմություններ ներկայացվեն, որոնք կապացուցեն՝ հնարավոր է: Նրա խոսքով՝ այս երեխաների համար ներառականությունը դպրոցով ավարտվում է, ինչ անել դրանից հետո. այս հարցն օդում կախված է մնում: Քիչ ծնողների սոցիալական պայմաններն են թույլ տալիս իրենց երեխաների համար հնարավորություններ ստեղծել: Ու այստեղ է, որ պետության օգնությունն ու աջակցությունն է պետք ծնողին ու երեխային մենակ չթողնելու համար: