10 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք է բացահայտվել. ՀՀ–ում Իրանի քաղաքացի է կալանավորվել

Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Իրանի քաղաքացին մաքսանենգ ճանապարհով Հայաստանից օտարերկրյա պետություններ առաքելու համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 10 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականին Ս.Հ.-ն 3 270.1 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցը փոստային առաքում իրականացնող ընկերության միջոցով առաքել է Ավստրիայի Հանրապետություն։ 3 467.62 գրամը հանձնել է այլ ընկերության՝ փորձելով դրանք առաքել Ավստրալիա, սակայն չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը։
Թմրամիջոցը հայտնաբերվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից, իսկ Ս.Հ.-ի ժամանակավոր բնակության վայրում՝ հյուրանոցում հայտնաբերվել է նաև 3 հազար 428.23 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց:
2023 թվականի փետրվարի 8-ին Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացումը), 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):
Ս.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ 2023 թվականի մարտի 2-ին, հսկող դատախազի որոշմամբ` մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերի հետ հանձնվել են դատարան:
Երևանում իրավապահները տղամարդու մոտ ավելի քան 6 գրամ հերոին են հայտնաբերել