Կրկնակի վրաերթ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում. հիվանդանոցի ճանապարհին տղամարդը մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը եկել է ավտոմեքենայով, կայանել այն, գնումներ կատարել, ապա վրաերթի ենթարկվել վերադարձի ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Այսօր մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծի պողոտայում՝ «Գաուդիս» շաուրմայանոցի դիմաց, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Մեքենայի հարվածի հետևանքով հետիոտնը շպրտվել է ու կրկնակի վրաերթի ենթարկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայի կողմից:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը մահացել է շտապօգնության ավտոմեքենայում` հիվանդանոցի ճանապարհին:
Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկած Opel-ի և Mercedes-ի վարորդները փախուստի չեն դիմել:
Նշվում է, որ վրաերթի վայրի հարևանությամբ ոստիկանները հայտնաբերել են Mitsubishi մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես իրավապահները պարզել են, վրաերթի ենթարկված տղամարդն այդ մեքենայով է եկել նշված վայր, կայանել ավտոմեքենան, անցել փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով, գնումներ կատարել և վրաերթի ենթարկվել վերադառնալիս:
Մահվան ելքով վրաերթ. փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Երևանում
Կայքը գրում է, որ այն Mitsubishi–ն, որով եկել է վրաերթի ենթարկվածը, նրան չի պատկանել։ Պարեկները կապ են հաստատել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ։ Նա հայտնել է, որ ավտոմեքենան թողել է ավտովերանորոգող արհեստավորի մոտ և ոչնչից տեղյակ չէ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: