ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արդեն հասել է Կիև և ծրագրում է քննարկել սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցի երկարաձգման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին։
Ավելի վաղ ՄԱԿ–ի մամուլի ծառայությունը հայտնել էր Գուտերեշի այցի մասին` նշելով, որ նա ծրագրում է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կիևում է։ Ավելի ուշ նա կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ` սևծովյան հացահատիկային նախաձեռնության հարցի երկարաձգման և այլ արդի հարցեր քննարկելու համար»,– նշել է Գուտերեշի ներկայացուցիչը։
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է, որ ուկրաինական հացահատիկը, պարենը և պարարտանյութերը պետք է Սև ծովով արտահանվեն 3 նավահանգստից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի համատեղ համակարգման կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում մեխանիկորեն երկարաձգվել է 120 օրով` մինչև մարտի 18-ը։
Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նաև նախատեսում է ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան պնդում է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ–ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Գործարքի ժամկետն ավարտվում է մարտի 18-ին։ Կիևը ցանկանում է համաձայնագիրը երկարաձգել առնվազն 1 տարով և նախագծին միացնել ավելի շատ ուկրաինական նավահանգիստներ։