ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանը բանակ ունեցել է, և բանակը դա ապացուցել է 1992-1994 թվականին, ապացուցել է ընդհուպ մինչև 2018 թվականը: «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հակադարձելով հայտարարություններին, թե Հայաստանը բանակ չի ունեցել։
«Մեր բանակը «Մերսեդես» չէր և չէր էլ կարող լինել։ Այսօրվա «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել նորմալ մեքենայի հետ, որն իր պարտականությունները կատարում էր: Սրանք ասում են՝ այդ մեքենան լավը չէր, բայց մոռանում են, որ այդ մեքենան վարում է ոչ միայն վարորդական իրավունք չունեցողը, այլ ընդհանրապես վարել չիմացողը: Անխուսափելի էր, որ այդ մեքենան ձորն էր ընկնելու և ընկել է ձորը: Փոխանակ հասկանան, որ պետք է վարել իմանալ, նորից խոսում են, որ բանակ չենք ունեցել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի վրա ծախսվող գումարներին, երրորդ նախագահը նշեց, որ միֆ է բանակի վրա ծախսվող գումարների վերաբերյալ իշխանության կողմից բոլոր հրապարակված թվերը, քանի որ անգամ սովորական քաղաքացին գիտի, թե ինչ արժեք ուներ մեկ դոլարը 2023 թվականին և ինչ արժեք է ունեցել 1994-ին, 2004-ին կամ 2014-ին:
Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ իր պաշտպանության նախարար և նախագահ եղած ժամանակահատվածում ՀՀ-ն ստացել է ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն, իսկ 2018-ից հետո Հայաստանը որևէ ռազմատեխնիկական աջակցություն չի ստացել, սակայն սրա մասին ոչ ոք չի խոսում
«Մեր բանակն ունեցել է բավականաչափ ռազմամթերք և ռազմական տեխնիկա պատերազմն այսպես չավարտելու համար: Մեր ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանք ժամանակին օգտագործելու պարագայում իրավիճակը բոլորովին այլ կլիներ»,-ասաց նա։
Ըստ երրորդ նախագահի՝ և՛ զինամթերքի, և՛ անձնակազմի առումով ՀՀ-ն 44-օրյա պատերազմում օգտագործել է իր կարողության 50 տոկոսը, և հարց է մնում, թե ինչու մյուս 50 տոկոսը չի օգտագործվել։