ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դիտավորությամբ, վրաերթի է ենթարկել նախկին կնոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, մարտի 6-ին՝ ժամը 17:20-ին Կապան քաղաքի Ձորք թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ, տղամարդը վրաերթի է ենթարկել նախկին կնոջը, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ և թողնելով անօգնական վիճակում՝ հեռացել :
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այն մասին, որ «գլխուղեղի ցնցում, դեմքի աջ և ձախ վերջույթների սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է մի կին է տեղափոխվել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (դիտավորությամբ սպանության փորձ) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 51-ամյա տղամարդու նախկին կինը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կապան քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:
Նշվում է, որ 51-ամյա տղամարդը 2014թ. մայիսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նույն թվականի մարտի 13-ին ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրեն ամրակցված «MP654-K» մոդելի օդաճնշիչ ատրճանակից նախկին կնոջ դեմքի և գլխի ուղղությամբ կրակոցներ արձակելու, ձեռքով և ոտքերով վերջինիս հարվածներ հասցնելու՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու համար. որպես պատիժ նշանակվել է տուգանք:
Եվս մեկ՝ 2016թ. սեպտեմբերի 23-ին կայացված դատավճռով՝ կնոջը հոգեբանական հարկադրանքի ձևով վախեցնելու նպատակով սպանության սպառնալիքներ տալու, վախի, տագնապի, անհանգստության զգացում առաջացնելու համար առաջադրված մեղադրանքում 51-ամյա տղամարդն արդարացվել է:
Նախաքննությունը շարունակվում է: