Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան. Արխիվային լուսանկար
Հայաստանում ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխան են, 5–ը` մեծահասակ։ Թվերը ասուլիսի ժամանակ հնչեցրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Վարակված բոլոր քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են կամ ունեն կացության քարտ։
Նախարարի խոսքով` շատ կարևոր է, որ հանրությունը տեղեկանա կարմրուկի ախտանշանների մասին և դրանց ի հայտ գալուց անմիջապես հետո դիմի բժշկի։
«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից։ Հիվանդը եղել է երեխա, որից հետո վարակվել են նաև այլ անձինք»,–ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով` իր գլխավորությամբ ստեղծել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է վարակիչ հիվանդությունների հակազդման պլանով նախատեսված միջոցառումներ։ Այդ ֆոնին որոշակի փոփոխություններ են իրականացվում նաև ազգային օրացույցով սահմանված պատվաստումներն ակտիվացնելու համար։
«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,–ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին գերատեսչությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։