Դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը․ Պապիկյանը՝ ԵԱՀԿ-ում

Արմեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ-ում ունեցած ելույթի ժամանակ շեշտել է՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մարտի 2-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ բերված «Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ» հարցի քննարկման ժամանակ։
Տեղեկությունը հայտնում են ԱԳՆ-ից։
«Պապիկյանը հատուկ նշել է, որ, ի հեճուկս Ադրբեջանի շարունակական պնդումներին, դատարանն իր որոշման մեջ հստակ օգտագործել է Լեռնային Ղարաբաղ եզրույթը: Դատարանը իր որոշմամբ հաստատել է մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը, որոնք պետք է խստորեն պաշտպանվեն ամենուր՝ անկախ ժողովրդի բնակության տարածքի քաղաքական կարգավիճակից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանն ընդգծել է նաև ԵԱՀԿ համապատասխան ներգրավվածության անհրաժեշտությունը՝ իր պատասխանատվության գոտում հումանիտար ճգնաժամի հասցեագրման գործում:
Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտման քաղաքականություն և Արդարադատության միջազգային դատարանի վճռի կատարման բացահայտ արհամարհանք:
Պապիկյանը հիշեցրել է նաև, որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ այդպիսով մերժելով Հայաստանի դեմ ուղղված ականների վերաբերյալ Ադրբեջանի կեղծ խոսույթը։
Հիշեցնենք՝ 2023-ի փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։