Համացանցում խարդախության սխեման շարունակում է գործել. հեղինակները փոխել են մարտավարությունը և քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու համար որպես նախագծի հովանավորներ հիշատակում են ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները։ Այս մասին նախազգուշացնող հաղորդագրություն է տարածել ԱԱԾ լրատվական ծառայությունը։
ԱԱԾ–ից հայտնում են, որ չնայած ավելի վաղ տարածած իրազեկող հաղորդագրությանը՝ խարդախության սխեմայի կազմակերպիչները համացանցում դեռևս շարունակում են տեսանյութեր տարածելու գործընթացը: Դրանցում ՀՀ քաղաքացիներին խոստանում են մեծ եկամուտներ «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու և «գազի վաճառքով» զբաղվելու դիմաց:
«ԱԱԾ–ն քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցության ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով»,–ասաց նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս այս տարվա հունվարի 27-ին պաշտոնական կայքում հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ քաղաքացիներին նախազգուշացրել էր համացանցում լայն տարածում գտած միջազգային չափանիշների խարդախության սխեմայի մասին։