Ինչպիսին կլինի այս տարվա մարտ ամիսը Հայաստանում. կանխատեսում

Երևանյան գարուն. արխիվային լուսանկար
Փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Այս տարվա մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Նշենք, որ փետրվարի համեմատ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°–ով: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված` մարտին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28–ից -34°, նախալեռներում` -24–ից -30°, հովտային շրջաններում` -13–ից -17°, Արարատյան դաշտում` -17–ից -25°:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, մարտի առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները գրանցվել են 1970 (27°) և 2001 թվականներին (24.8°):