ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները մարտին կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը` հավելելով, որ նախապես դիմում էին ներկայացրել զինդատախազին հանդիպելու համար։
«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ»,–գրել է փաստաբանը։
Նորիկյանը նաև հայտնել է, որ զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու վարչապետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը` պարզաբանումներ ստանալու համար։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։