Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին. ԲԴԽ-ն բավարարեց ԱՆ-ի միջնորդությունը

Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։
Մասնավորապես, ԲԴԽ-ն բավարարել է Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական պատասխնատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ է հարուցվել՝ իր կարծիքն ու դիտարկումները սոցիալական ցանցում, ԶԼՄ-ների հարցերին ի պատասխան հայտնելու համար։
Ընդ որում, դատավորի դիտարկումները վերաբերում էին համակարգային խնդիրներին, ինչպիսին դատարանների ծանրաբեռնվածությունն է, որի պատճառով տուժում է արդարադատությունը, ու դատավորները հաճախ չեն հասցնում անգամ դատական ակտերը ժամկետների սահմանում տրամադրել։
Մասնավորապես, միջնորդության փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։