ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում երիտասարդ տղայի և աղջկա մահվան փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է համալիր փորձաքննություն։
Մեր տեղեկություններով՝ որպես նախնական վարկած քննարկվում է գազի արտահոսքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ին Արթիկ քաղաքի ավտոտնակներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են տղամարդու, իսկ ավտոմեքենայի կողքին՝ գետնին, աղջկա դի:
Ըստ Sputnik Արմենիայի աղբյուրի` մահացածները Շիրակի մարզի բնակիչներ են` 26-ամյա Սարգիս Ա.-ն և 18-ամյա Ազատուհի Հ.-ն:
Սարգիս Ա.-ն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: