Զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 զինծառայող

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Զինծառայող Հայկ Պետրոսյանի մահվան դեպքքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է երկու զինծառայող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում։ Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։
«Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունվար-փետրվար ամիսներին մարտական դիրքում 2 իրար հաջորդող հերթապահությունների ընթացքում պայմանագրային զինծառայող, դիրքի պատասխանատու Ն.Մ.-ն և դիրքի ավագի օգնական Հ.Ա.-ն առաջին անգամ մարտական հերթապահության ընդգրկված առանձին զինծառայողներին, այդ թվում նաև Հայկ Պետրոսյանին, ենթարկել են ծաղրուծանակի։ Նրանք նաև ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ ստորացնելով զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը, առանձին դեպքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրանցից 2-ի մարմնի տարբեր մասերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնոդություններ են ներկայացվել հսկող դատախազին`պայմանագրային զինծառայող Ն.Մ.-ի և նույն մարտական դիրքի ավագի օգնական, շարքային զինծառայող Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Դրանք բավարարվել են։
Ն.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով` զինծառայողին զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։
Մեղադրանք է ներկայացվել նաև 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը), 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը)։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Հ․Ա․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` զինծառայողին զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում մի խումբ անձանց կողմից անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, ինչպես նաև 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հրամանատարի (պետի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։
Դատարան միջնորդություններ են ներկայացվել մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը 19-ամյա զինծառայողի մահվան մասին հայտնել էր փետրվարի 19-ին` նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։
Ավելի ուշ ՔԿ–ն տեղեկացրեց, որ նա մահացել է գլխի շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում ստանալու հետևանքով։ Զինծառայողին հայտնաբերել են զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ զինվորի մահվան դեպքով ձերբակալվել է դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։