24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ. Ամատունի

Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 24 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան, 19-ը՝ Հայաստանից Արցախ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նպատակը ընտանիքների հետ վերամիավորումն է»,–նշեց Ամատունին։
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքի շրջափակումից հետո այս նպատակով Կարմիր խաչը 2 ուղղություններով ապահովել է 296 մարդու տեղափոխումը։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։