ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են մատակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Երևան է տեղափոխել «Մենք միասնական ենք» նախագծի ավելի քան 35 տոննա մարդասիրական բեռը, որը ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքով տեղափոխել են Ստեփանակերտ։
Նշվում է, որ տեղեկությունները հավաքելուց և մշակելուց հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներն ակցիաներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում:
Նման ակցիաներից մեկը տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտի մանկատանը
ՌԴ խաղաղապահները փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։
Փաթեթներում եղել են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր ձավարեղեն, պահածոյացված բանջարեղեն, շաքար, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։