Հայտնի է ողջ մնացած 2 զինծառայողի թմրաբանական փորձաքննության եզրակացությունը

Թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ստացել է նաև Ազատ գյուղի զինվորական կացարանում ողջ մնացած երկու զինծառայողների մասով անցկացված թմրաբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ այդ եզրակացության՝ թմրանյութի հետքեր չեն եղել նրանց մարմիններում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Երեք զինծառայողների մասով թմրաբանական փորձաքննության եզրակացությունները ստացվել են. նրանց օրգանիզմում թմրանյութի հետքեր չեն հայտնաբերվել»»,–գրում է թերթը:
Նշենք, որ թմրաբանական փորձաքննության էին ենթարկվել Ազատ գյուղի կացարանի ողբերգական հրդեհի գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը, և երկու զինվոր:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։