ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը միջազգային համայնքին կոչ է արել վերջ տալ Սիրիայի դեմ պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին։ Այս մասին նա հայտարարել է Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում։ Այս մասին գրում է Սիրիայում լույս տեսնող հայլկական «Գանձասար» պարբերականը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ այս քայլերը պետք է արվեն, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկայիս ահավոր վիճակից։
«Ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող են ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն»,– ասել է նա։
Նա կոչ է արել մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, օգնել իրար։
«Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում։ Այսօր միջազգային համայնքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային» ,– հայտարարել է կաթողիկոսը։
Նա հավելել է, որ իր համար հատուկ ուրախություն է լինել Սիրիայում` մի երկրում, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրդի զավակներին և իր հողը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հասել է ավելի քան 36 000-ի:
Սիրիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 8500 մարդ է մահացել։