Միջազգային դատարանում հաշտության համաձայնագիր կնքելու կարգը փոխվում է. կառավարություն

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. ՀՀ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում։
ՀՀ վարչապետի աշխատակազմում մշակված փոփոխությունների նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում։
Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանին պարտավորեցնել ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Օրենքով առաջարկվում է նոր հոդված ներառել, որով Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին իրավունք կվերապահվի Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան և Արդարադատության դատարան ներկայացնել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ: Մինչդեռ գործող օրենքով ՀՀ ներկայացուցիչը դա կարող է անել միայն կառավարության որոշման հիման վրա։
Փոփոխման անհրաժեշտությունը, ըստ կառավարության, պայմանավորված է նրանով, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության ներկայացումը, որպես կանոն, պահանջում է հրատապություն, իսկ կառավարության որոշման պահանջը կարող է խոչընդոտել անհրաժեշտ գործողությունները հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելուն։
Մեկ այլ փոփոխությամբ էլ, հակառակը` ՀՀ ներկայացուցչի որոշ ազատություններ սահմանափակվում են։ Օրինակ` եթե գործող օրենքը ՀՀ ներկայացուցչին թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ՀՀ անունից բանակցություններ վարել հակառակ կողմի հետ` վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով, ապա առաջարկվող նոր կարգավորմամբ սահամանվում է, որ բանակցությունների արդյունքում կազմվող հաշտության համաձայնագիրը պետք է հաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը։
ՄԻԵԴ–ը բավարարել է Հայաստանի միայն 2–րդ պահանջը. Կիրակոսյանը` Լաչինի միջանցքի մասին
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած փոփոխությունների նախագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։