ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դիմել կարող են մինչև 40 տարեկան արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական և ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն և չեն գտնվում քրեական հետապնդման մեջ։ Պայմանագիրը կնքվում է 1-5 տարով։ Այդ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված բոլոր արտոնություններից` անվճար և որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխահատուցում»,– ասված է հաղորդագրությունում։
Նախատեսվում է զինծառայողներին ապահովել բարձր աշխատավարձով և դրա կրկնակի բարձրացում ընթացիկ ատեստավորումների արդյունքում։ Դիմորդներին առաջարկվում է ծառայել ՀՀ տարբեր մարզերում` Սյունիք, Լոռի, Գեղարքունիք և քաղաք Երևան։ Աշխատանքը լինելու է շաբաթական 5 օր` ժամը 9։00-15։30։
Ընդունելության համար քաղաքացին պետք է անձնագրով ու զինգրքույկով ներկայանա համապատասխան տարածքային զինվորական կառույց, դիմում ներկայացնի, ապա հարցազրույց անցնի։ Այդ փուլերից հետո քաղաքացին պետք է նաև քննություն հանձնի ֆիզիկական պատրաստությունից` ձգումներ պտտաձողից, վազք` 100 և 3000 մ հեռավորություններով։
Հաջորդիվ ՊՆ զորահավաքային և զորակոչային համալրման տարածքային ստորաբաժանում պահանջվող փաստաթղթերի ներկայացման և բժշկական հետազոտության փուլն է։