Քրդական համայնքն ակցիա է իրականացնում Երևանի կենտրոնում

Նրանք միջազգային հանրությունից պահանջում են աչք չփակել քրդերի վրա թուրքական իշխանությունների ճնշումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ քրդական համայնքը բողոքի ակցիա է իրականացնում Աբդուլլահ Օջալանի բանտարկության 24-րդ տարելիցի կապակցությամբ։ Նրանք կարծում են, որ Օջալանն անհիմն է դատապարտված ու կոչ են անում ամբողջ աշխարհին ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմնակալ քաղաքականությանը։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
«Նրան մեղադրում են, որ արդեն մահացող քուրդ ժողովրդին վերակենդանացրեց ու նրանց ազատության համար սկսեց պայքարել։ Աբդուլլահ Օջալանը կարողացավ ջրի երես հանել ու պարզեցնել աղավաղված պատմությունները։ Հիմա ամբողջ աշխարհն է գիտակցում, որ նա մեղավոր չէ։ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր բոլոր լծակները Օջալանին բանտից ազատելու համար»,– հայտարարեց քրդական համայնքի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանով
Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկար ժամանակ միջազգային հանրությունը աչք է փակել քրդերի ճնշումների վրա, բայց հիմա ժամանակները փոխվել են, ըստ նրանց` պետք է այլ մոտեցում ցուցաբերել։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
«Միջազգային հանրության վերաբերմունքը քրդերի նկատմամբ թուրքական լեգենդների հետևանք էր։ Նրանք քրդերին անվանում էին ահաբեկիչ, բայց պարզվեց` իրենք են ահաբեկիչ, իսլամիստական ուժերին նրանք են օգնում կազմակերպել ամեն ինչ։ Թուրքական ղեկավարությանը պետք է պատասխանատվության կանչել ինչպես Թուրքիայի տարածքում, այնպես էլ հարևան Սիրիայում նրա գործողությունների համար»,– ասաց Կնյազ Հասանովը։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանով
Քրդական համայնքի ներկայացուցիչներն իրենց պահանջներով նամակ փոխանցեցին ՄԱԿ–ի գրասենյակ։
Քրդական համայնքի բողոքի ակցիան Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Հիշեցնենք, որ քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման։ 1999 թվականից նա բանտարկված է Էմրալի կղզում։