Կալանավորման միջնորդություններ քննող 12 դատավոր անգործ է մնացել

Եվս երկու դատավոր պետք է կարողանան հաղթահարել բարեվարքության և ԲԴԽ–ում հարցազրույցի փուլերը, որպեսզի կարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորվման միջնորդություններ քննող 14 դատավորից 12–ը դադարել է պաշտոնավարել։ Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը։
ԲԴԽ–ից նշում են, որ մյուս երկուսը` Արմեն Պողոսյանը և Սասուն Մխիթարյանը մասնակցել են հատուկ կարգով և բարդ ընթացակարգերով անցկացվող որակավորման ստուգման գրավոր փուլին և հաղթահարել են այն։ Եթե նրանց հաջողվի հաղթահարել նաև բարեվարքության և ԲԴԽ-ում հարցազրույցի փուլերը, ապա կկարողանան վերանշանակվել դատավորի պաշտոնում:
Այդ 12 դատավորն ընդգրկվել են ռեզերվային ցուցակում և ապագայում հնարավորություն կունենան վերստին նշանակվելու դատավորի պաշտոնում։ Նրանք պետք է լրացուցիչ վերապատրաստում անցնեն կամ այլ հավակնորդների հետ հավասար հիմունքներով մասնակցեն հատուկ կարգով որակավորման ստուգմանը:
Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ–ն արտահերթ նիստում ընդունեց օրենք, որի համաձայն` մինչդատական միջնորդությունների քննության համար առանձնացվեցին հատուկ դատավորներ, ովքեր պետք է զբաղվեին բացառապես խափանման միջոցների կամ օպերատիվ հետախուզական միջոցառումներին վերաբերող միջնորդությունների ու դրանց վերաբերյալ բողոքների քննությամբ։
Մոտ 2 տարի գործած կարգը վերանայվեց 2022թ-ի դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում ընդունված Դատական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծով, որն իրավական ուժ է ստացել 2023 թվականի հունվարի 7-ից։