Ինչպես են բեռնատարները հատել հայ–թուրքական սահմանը, որն արդեն 30 տարի փակ է. տեսանյութ

Բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխել Մարգարայի կամրջով։
Sputnik
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը Twitter–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատում հայ–թուրքական սահմանը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։
Բեռնատարները սահմանն անցել են Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թվականից:
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 20 665-ի, 80 088 տուժած կա:
Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։