Նովոսիբիրսկում հինգհարկանի շենքը մասնակի փլուզվել է. կան տուժածներ ու զոհ

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը կենցաղային գազի պայթյունն է Լինեյնայա փողոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Նովոսիբիրսկում հինգհարկանի շենքի մասնակի փլուզում է տեղի ունեցել, կան զոհեր և տուժածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ին:
Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը կենցաղային գազի պայթյունն է Լինեյնայա փողոցում։ Պայթյունին հաջորդել է հրդեհը, որը մարվել է։
ՌԴ Քննչական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ փլուզվել է երկու շքամուտք։
Ճշտված տվյալներով ՝ 1 մարդ զոհվել է, 8-ը ՝ վիրավորվել։ Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։
Փլուզման վայրում աշխատում են բժիշկներ և փրկարարներ՝ ընդհանուր առմամբ 197 մարդ: Ներգրավված էնաև 61 միավոր տեխնիկա։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ապամոնտաժում են փլատակները և ստուգում մոտակայքում գտնվող բնակարանները: Շենքից տարհանվել է 50 մարդ։
Դպրոցում կազմակերպվել է ժամանակավոր տեղակայման կետ։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի երեկոյան, նախնական տվյալներով, կենցաղային գազի պայթյունի հետևանքով, փլուզվել է ՌԴ Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում գտնվող բնակելի շենքի մուտքը: Զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ փոքր երեխա։