ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատրաստ է խաղալ եվրոպական թիմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Metaratings պարբերականի հետ զրույցում։
«Էդուարդ Սպերցյանը հիմա 22 տարեկան է, իսկական ժամանակն է ավելի ուժեղ առաջնություն տեղափոխվելու համար, քանի որ կարող են մենթալիտետի հետ կապված խնդիրներ առաջանալ, իսկ այս տարիքում նա արագ կադապտացվի»,– ասել է նա:
Վարդան Մինասյանի կարծիքով՝ հոլանդական ՊՍՎ տեղափոխությունն ամենաօպտիմալ տարբերակն է։
«Հոլանդիան միջին կարգի առաջնություն է, բայց նրանց շուկան լավն է, այնտեղից խաղացողները տեղափոխվում են եվրոպական թոփ-5 առաջնություններ»,– նշել է Վարդան Մինասյանը։
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարծում է, որ Էդուարդ Սպերցյանն այնպիսի ակումբ պետք է տեղափոխվի, որ խաղային պրակտիկա ձեռք բերի, ոչ թե նստի պահեստայինների նստարանին:
«Ֆուտբոլիստը պետք է խաղա, այդ իսկ պատճառով ավելի լավ է քայլ առ քայլ առաջ գնալ, ոչ թե միանգամից տեղափոխվել ուժեղ առաջնություն։ Եթե նույնիսկ մենք նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա նա ևս քայլ առ քայլ առաջ գնաց և աստիճանաբար ավելի ուժեղ ակումբներ տեղափոխվեց»,– ասել է նա։
Վարդան Մինասյանը հավելել է, որ Էդուարդ Սպերցյանը որակյալ ֆուտբոլիստ է ու կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատարը:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են ՊՍՎ-ն, «Ֆեյենորդը», «Ֆիորենտինան» և «Վիլյառեալը»։
2022թ.–ին Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։