Մոսկվայի մետրոպոլիտենի տեխնոլոգիաները Երևանում էլ կկիրառեն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն և հետևել օդափոխության համակարգերի փոփոխությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Մոսկվայի մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի տեխնոլոգիաները Երևանի մետրոպոլիտենում էլ կկիրառվեն։ Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել` հայտնելով, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Երևանի մետրոպոլիտեն և հետևել օդափոխության համակարգերի փոփոխությանը։
«Այստեղ կիրառված են ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որոնք տեղ են գտել ՌԴ արտադրության մեջ և, մասնավորապես, Մոսկվայի մետրոպոլիտենում։ Սարքավորումները փորձարկված և ստուգված են` երկար կծառայեն»,–ասում է «Վենտպրոմ» ԲԲԸ կարգաբերման հարցերով պատասխանատու ինժեներ Ալեքսանդր Սմիշլյաևը։
Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ է հատկացրել։ Շուրջ 500 միլիոն դրամն ուղղվել է հենց օդափոխության համակարգերի փոխարինմանը:
Հիշեցնենք, որ օդորակիչները 1980 թվականին են տեղադրվել ու դրանից հետո չեն փոխվել։ Հզոր օդորակիչները կառավարվելու են մեկ կետից և արտակարգ, վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, վճռորոշ նշանակություն կունենան ուղևորների տարհանման համար։