Հրդեհից մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում

Ազատ գյուղի հրդեհված զորամասը. Արխիվային լուսանկար
Զինվորական դատախազության ներկայացուցիչը զինվորական կացարանի հրդեհի գործից նոր մանրամասներ է հայտնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհիհետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակից դուրս։ Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` փրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի` կրկին Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։
«Այդ զորամասին ռազմական մեքենաների համար տրվել է 80 լիտր բենզին, որը լցված է եղել 10 տարաների մեջ։ Ավտոտնակում եղած հինգ լիտրանոց 10 տարաներից մեկը դեպքից հետո այնտեղ չի եղել։ Այն ենթադրաբար օգտագործել են վառարանը վառելու համար»,–ասաց Մարտիրոսյանը։
Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։
Հայտնել էինք, որ հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը կազդուրվելուց հետո պատրաստակամ է ցուցմունք տալ և ամենայն մանրամասնությամբ խոսել այն ամենի մասին, ինչ իրեն հայտնի է։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։