Երևանի բնակիչը «Ամազոնից» դեղեր է գնել և ապօրինի վաճառել. ՊԵԿ–ի բացահայտումը

ՊԵԿ–ը հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքի բնակիչը «Ամազոն» կայքի միջոցով ձեռք է բերել դեղանման ապրանքատեսակներ, վիտամիններ, դրանք գովազդել և ֆեյսբուքյան էջի միջոցով ապօրինի իրացրել։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական բաժինը։
ՊԵԿ–ի աշխատակիցները,որպես գնորդ, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ։
«Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն երկու դեպքով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման «Ադվիլ-իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, ցինկ, մագնեզիում և վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ»,–նշված է հաղորդագրությունում:
ՊԵԿ–ի միջոցառումների շրջանակում քաղաքացուց գնված ապրանքատեսակներից «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը ԱՆ–ն հաստատել է, որ դեղամիջոց են։
Պարզվել է, որ քաղաքացին չունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում, սակայն իրակացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք:
ՊԵԿ–ը կազմակերպել է կեղծ հարսանիք, բացահայտել ու տուգանել ստվերում գումար աշխատողների
Ձեռնարկվել են միջոցառումներ պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի (Ապօրինի գործունեությամբ զբաղվելը) հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:
ՊԵԿ–ը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող,առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց: