Վաշտի կացարանի հրդեհի գործով հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից

Արսեն Բաբայանը մտավախություն ունի, որ կարող են նաև մեղադրանք առաջադրել իր պաշտպանյալին` հաշվի առնելով ներկայիս իշխանության գործելաոճն ու նրա տված հարցազրույցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ դասակի հրամանատարը ողբերգության օրը` հունվարի 19-ին տված հարցազրույցում կասկածի տակ էր դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածը և չէր ցանկացել հավելյալ ինֆորմացիա ասել։ Նա հայտնել էր, որ գյուղը գազիֆիկացված չէ, և տները ջեռուցվում են կա՛մ ցախով, կա՛մ ածուխով, և այն սենյակը, որտեղ գիշերել են զինվորականները, նույնպես բացառություն չէր։ Զինվորականը լրագրողներին նաև վստահեցրել էր, որ հունվարի 18-ին երեկոյան, երբ ինքը տուն էր գնում, կացարանում բենզին չի եղել։

«Հարցազրույցի հաջորդ օրը դասակի հրամանատարն ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Քարոզչական իմաստով և ծառայությունից հեռացնելու առումով նրա վրա մեծ ճնշում է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում դեռևս ոչինչ չկա»,–ասաց Բաբայանը։

Նա շեշտեց, որ մեկ անգամ դասակի հրամանատարը հարցաքննվել է։ Փաստաբանն ընդգծեց` միշտ վտանգ կա, որ մեղադրանք կարող են առաջադրել իր պաշտպանյալին` հաշվի առնելով ներկայիս իշխանության գործելաոճն ու նրա տված հարցազրույցը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։