ԵՐԵՎԱՆ,31 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ», - նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։