Բացահայտվել է պետական դավաճանության նոր դեպք

Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը պետական դավաճանության նոր դեպք է բացահայտել, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։
Այնուհետև, ծառայության նշանակվելով ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասում՝ որպես զորամասի ծառայություններից մեկի պետ, ընդունել է օտարերկրյա հատուկ ծառայություններից համագործակցությունը շարունակելու վերաբերյալ առաջարկությունը:
«Նա պարտավորվել է վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:
2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում նշված անձը հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը:
Նա տեղեկություն է հայտնել նաև Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
93 հազար 250 դրամի դիմաց պայմանագրային զինծառայողը պետական դավաճանություն է կատարել
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ, հիշյալ սպային ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: