Երուսաղեմում ծայրահեղականները հարձակվել են հայկական ռեստորանի վրա. մանրամասներ

Հրեա ծայրահեղականների հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են աթոռներ նետել միմյանց վրա։
Sputnik
Երեկ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը որոշ մանրամասներ է պատմել «Արմենպրես» գործակալությանը։
Նա ասել է, որ հրեա ծայրահեղականները փորձել են գնալ «Լացի պատի» մոտ։ Երբ հիմնական ճանապարհով չի ստացվել, անցել են այն ճանապարհով, որտեղ գտնվում է հայկական ռեստորանը:
«Այդ պահին ռեստորանում նստած են եղել հայեր, արաբներ, նաև հրեաներ: Ծայրահեղականները ռեստորանների աշխատակիցներին հրահրիչ խոսքեր են ասել, վանկարկել են. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։ Նմանատիպ սադրիչ արտահայտություններ են թույլ տվել, ինչից հետո էլ խնդիրը ծագել է»,– ասել է նա։
Գոգչյանը նշել է, որ հրահրիչ խոսքերից հետո մարդիկ սկսել են միմյանց վրա աթոռներ նետել, ռեստորանում նստած մարդիկ առանց վճարելու հեռացել են։
«Սակայն հետո զանգել են ռեստորանի սեփականատեր Միհրան Գրիգորյանին, աջակցություն են հայտնել նրան և խոստացել են վերադառնալ ու վճարել»,– ասել է Աղան աբեղա Գոգչյանը։
Նա հավելել է, որ Երուսաղեմի քրիստոնեական համայնքները որոշել են միջադեպի վայրում բողոքի ակցիա անցկացնել և այդպիսով իրենց աջակցությունը հայտնել ռեստորանատիրոջը:
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հիշեցնենք` երեկ Երուսաղեմում հարձակվել են նաև սինագոգի վրա։ Հրաձգության հետևանքով 7 մարդ է մահացել, ևս 10-ը` տուժել։