Վրաստանում ակտիվ տեմպերով ընթանում է տարածաշրջանում ամենաերկար և աշխարհի 6 մասշտաբային թունելներից մեկի շինարարությունը, որը տանում է դեպի Վերին Լարս։ Թբիլիսիում պնդում են, որ նախագիծը կավարտվի 2024 թվականին։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Խոսքը 9 կմ երկարություն ունեցող թունելի մասին է, որը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի–Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է։
«Ներկա պահին հիմնական թունելի 9 կմ–ից 5–ն արդեն փորվել է, 3 կմ 820 մ էլ` տարհանման թունելից»,– ասված է հաղորդագրությունում։
15 մետր տրամագծով թունելով երթևեկությունը կիրականացվի 2 ուղղությամբ, 3 գծով: Յուրաքանչյուր 500 մետրում կլինեն տարհանման ելքեր։
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Գոյություն ունեցող ճանապարհի երկարությունը 34 կմ է, թունելը կկրճատի այն 11 կմ-ով: Դա նաև թույլ կտա անխափան երթևեկություն ապահովել ամենավտանգավոր հատվածում: Եթե այժմ այն անցնում են ավելի քան 1 ժամում, ապա ծրագրի ավարտից հետո կպահանջվի 15 րոպե։
Այսպիսով` Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա ճանապարհը 2 ժամ 30 րոպեից կկրճատվի մինչև 1 ժամ 45 րոպե։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի 1.2 մլրդ լարի:
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։