ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալի` Գոռ Աղեկյանի նկատմամբ, հայտնում է դատախազությունը։
Նրա նկատմամբ հետապնդում է սկսվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Փաստեր են ձեռք բերվել, որ Աղեկյանը պարտավոր էր կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, կազմակերպել անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը։ Բացի այդ, նա պարտավոր էր ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, պետք էր առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը, ինչպես նաև ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը։
Նշվում է, որ նա իր ծառայողական պարտականությունները չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
«Պարզվել է, որ 2023թ. հունվարի 19-ին, կեսգիշերն անց, զորամասի ինժեներական ծառայության սպան Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հայտնել էինք, որ Աղեկյանը, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ ազատվել են աշխատանքից։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։