ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով ձերբակալված կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այսօր ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և տեղափոխվել քննչական կոմիտե: Նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում»,–ասաց Աբրահամյանը։
Այսօր դատախազությունը հայտնել էր, որ Աղեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Փաստեր են ձեռք բերվել, որ Աղեկյանը պարտավոր էր կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, կազմակերպել անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը։
Բացի այդ, նա պարտավոր էր ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, պետք էր առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և այլն։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում էր նաև Աղեկյանը։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։