ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ըստ հաղորդագրության` Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աննա Գրիգորյանին պատկանող հացի արտադրամասում։ Ստուգման ընթացքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձև աղտոտումը բացառող տեխնոլոգիական գործընթացը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն եղել նորոգ և բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխություն, չի եղել նաև անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։
Բացի այդ, շինության հատակը, պատերն ու առաստաղը պատված չեն եղել լվացվող նյութով։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: