Երեխեքը փող էին դրել, ջուր քաշել զորամասում․ հրդեհից մահացածի ծնողները ՄԻԵԴ կդիմեն

Ազատ գյուղի զինվորների կացարանը. Արխիվային լուսանկար
Հրդեհի հետևանքով մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, հայտնել է, որ թոռն ինչ դիրքով որ պառկած է եղել, այդ դիրքով էլ վառվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի Ազատ գյուղում զինվորների կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած վանաձորցի Արամ Մանուկյանի պապիկը` Արտյոմ Գրիգորյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասել է` չեն պատրաստվում ներել, հանդուրժել մեղավորներին։ Ընտանիքը պատրաստվում է Եվրոպական դատարան դիմել։
«Ես եղել եմ դիահերձարանում, տվյալների համաձայն՝ երեխան ինչ դիրքով որ պառկած է եղել, էդ դիրքով էլ վառվել է: Տեղից վեր չեն կացել, ինչ դիրքով քնել՝ էդ դիրքով էլ վառվել են: Որ ասում են՝ տեղներից հելել են, սուտ ա, հեքիաթ: Մարդասպանը բանակն ա: Իրենց միջից։ Թե որ մի աֆիցերն ա եղել, ես չգիտեմ»,–ասել է հայրը։
Նա հայտնել է նաև, որ բազմիցս եղել է այդ զորամասում. զինվորներն իրենք են փող հավաքել, նոր ջրագիծ փորել. «Երեխեքը փող էին դրել, ջուր էին քաշել: Իրենց մոտ միշտ շշով ջրեր են դրված եղել նաև»։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Զինվորների կացարանում հրդեհի դեպքով քրեական հետապնդում է հարուցվել Գոռ Աղեկյանի նկատմամբ