ՀՀ ՊՆ–ի նախկին շենքում բնակվող քաղաքացիները հունվարի 23-ին փակեցին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չհասան։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու դուրս չեկավ, ոստիկանությանն էլ հաջողվեց բացել ճանապարհը։
Ինչպես պարզվեց, ՊՆ–ի նախկին շենքում, որը փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին, կես տարի է` տասնյակ մարդիկ են ապրում։ Sputnik Արմենիան այցելել է այդ շենք ու զրուցել ներկայիս բնակիչների հետ։
Բողոքի ակցիայի հաջորդ օրը շենքի բակում շուրջ 20 մարդ էր հավաքվել, նրանցից ոմանք ճյուղեր էին հավաքում, մյուսները` խարույկ վառում, որ տաքանան։
Շենքի բակում հավաքված մարդիկ
© Sputnik / David Galstyan
Հավաքվածների թվում էր նաև Արմինե Մովսիսյանը դստեր հետ։ Նա մի քանի ամիս է, ինչ ընտանիքի հետ բնակվում է պաշտպանության նախարարության նախկին շենքում։ Մինչ այդ 18 տարի ապրել են վարձով։ Վերջին բնակարանի սեփականատերը բարձրացրել է վարձը, և ընտանիքը ստիպված է եղել լքել այն։ Կինն ասաց, որ մի օր անցնելիս է եղել այս տարածքով, շենքում լույս է նկատել, հարցուփորձ է արել, պարզել, որ այստեղ հնարավոր է տեղավորվել, և օգտվել է այդ հնարավորությունից։
ՀՀ ՊՆ–ի նախկին շենքը
© Sputnik / David Galstyan
Այս շենքում, ըստ նրա, վարձի գումար չեն վճարում. Յուրաքանչյուրը հնարավորության սահմաններում փորձում է վերանորոգել իր կացարանն ու հիմնվել այստեղ։ Բոլոր բնակիչներով զբաղվում են կոյուղու նոր ցանց անցկացնելով։ Երեխաները մոտակա դպրոցն են հաճախում։
Կնոջ խոսքով` մինչև վերջերս ամեն ինչ իր հունով էր գնում, բայց մի քանի օր առաջ շենքը հոսանքազրկեցին։ Նա խոստովանեց, որ էլեկտրաէներգիայի և ջրի համար իրենք մինչ օրս չեն վճարել, բայց պատրաստ են սեփական միջոցներով հաշվիչներ տեղադրել և նորմալ բաժանորդ դառնալ, միայն թե իրենց այստեղից դուրս չանեն։
Արմինե Մովսիսյանը դստեր հետ
© Sputnik / David Galstyan
«Մենք կվճարենք, միայն թե միացնեն հոսանքը (խմբ. շենքում ի սկզբանե գազ չի եղել), որ երեխաները տաքանան և դասերը լույսի տակ անեն», – ասաց Մովսիսյանը։
Մեկ այլ կին` Օֆելյա Պետրոսյանը, այստեղ է տեղափոխվել ընդամենը մեկ ամիս առաջ նույն պատճառով. ռուսաստանցիների ներհոսքի պատճառով բնակարանի վարձը կտրուկ բարձրացրել են։
«Ես այստեղ եմ տեղափոխվել, որ երեխան գոնե իր անկյունն ունենա, որ պարզապես կարողանանք ապրել, էս փլված շե՞նքն էլ է արդեն ճոխություն համարվում զինվորականների, զոհվածների ընտանիքների համար։ Պատերազմում զոհվածի երեխաները ջերմությամբ պառկած են, իսկ նրանց լույսը կտրել են», – ասաց Պետրոսյանը։
Հարցրի` այստեղ բնակվելու համար փաստաթղթային որևէ հիմք ունե՞ն։ Զրույցին միացավ մատյանը ձեռքին մի աղջիկ։ Անուշիկ Ավետիսյանն էր։ Նա ասաց, որ իրենց մեղադրում են ՊՆ–ի շենքում ապօրինի տեղավորվելու համար, բայց իրենք շենքում գտնվելու իրավունք ունեն։ Ավետիսյանը բացեց մատյանը, ցույց տվեց տարածքի հանձնման–ընդունման մասին ձեռագիր գրությունը, որում նշված էր ոմն Տարոն Հովհաննիսյանի անունը։ Անուշիկը պնդեց, որ այդ մատյանում ՊՆ–ի կնիքն ապացուցում է իրենց կացության իրավունքը։
Մատյանում արված գրությունը
© Sputnik / David Galstyan
Բայց այդ գրությամբ հասկանալի չէր, Ավետիսյանն էլ չպարզաբանեց, թե ՊՆ–ն կոնկրետ ում է փոխանցել տարածքը, ով է թույլատրել բնակվել շենքում։ Զրույցի ընթացքում բնակիչներից մեկը հնչեցրեց ոմն բարերար Լեռնիկ Պետոյանի անունը։
Բնակիչները համոզված են, որ իրենք տարածքում ապրելու օրինական իրավունք ունեն
© Sputnik / David Galstyan
Այստեղ բնակվողներից որևէ մեկը սեփականության վկայական չունի, սակայն նրանք կարծում են, որ այստեղ բնակվելը չի կարելի խախտում համարել։
«Մենք ուզում ենք հասկանալ` մե՞զ են խաբել, թե՞ Պետեկամուտների կոմիտեին (որին պատկանում է սեփականության իրավունքը)»,– ասաց Ավետիսյանը։
ՊՆ–ի նախկին շենքը
© Sputnik / David Galstyan
Նրա խոսքով` երբ այս համալիրի շենքն ու տարածքը «թալանել» են, ոչ ոք չի հիշել, որ սա պետական սեփականություն է։ Իրենք հանդիպում են խնդրում կառավարությունից և պահանջում, որ հարցը լուծվի, այլապես նորից կփակեն ճանապարհը, քանի որ առանց հոսանքի և ջեռուցման անհնար է ապրել։ Անուշիկը ցույց տվեց ճյուղերով վառած խարույկը և ավելացրեց, որ ցերեկը տանը մնացած բնակիչներն այդ խարույկի մոտ են տաքանում։
«Միայն այսօր փայտի վառարաններ բաժանեցին, որ գոնե քնելուց առաջ մի փոքր տաքացնենք տունը։ Որպես վառելանյութ մարդիկ էլի դրսից հավաքած ճյուղերն են օգտագործում», – նշեց նա։
Բնակիչները վառարանով են տաքանում
© Sputnik / David Galstyan
Անուշիկը մեզ ուղեկցեց շենք, մի քանի սենյակ ցույց տվեց ու ասաց, որ բնակիչների մեծ մասը պատերազմի մասնակիցներ են, պայմանագրային զինծառայողներ և անապահով ընտանիքներ։ Մի քանի ընտանիք էլ Արցախից կա, մեծ մասամբ` երեխաների հետ։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։
Շենքի բնակիչներից
© Sputnik / David Galstyan
Սենյակներից մեկում դպրոցահասակ երեխաների հանդիպեցինք, պատմեցին, որ Եղեգնաձորից են եկել։ Նրանց հայրը հիվանդ է և չի կարող աշխատել, մայրն էլ ամեն օր «Սուրմալու» տոնավաճառ է գնում` աշխատելու, օրական 5 հազար դրամ է ստանում։ Ցերեկը երեխաները դպրոցում են լինում (ասացին` այնտեղ տաք է), իսկ երեկոյան` ցրտի պատճառով հնարավորինս շուտ պառկում են քնելու։
Շենքի միջանցքներից մեկը
© Sputnik / David Galstyan
Վառարանն այստեղ, ինչպես և մյուս «բնակարաններում», բնակիչների խոսքով, երեկ են տեղադրել մի բարերարի շնորհիվ, որը հաճախ է օգնում նրանց։ Պարզվեց` դրանք գնել է Սոչիում բնակվող Ալիկ Թաթուլյանը, որի հետ մեզ ևս հաջողվեց զրուցել։
Նա հայտնեց, որ Սոչիում հյուրանոց ունի, բայց ապրում է Հայաստանում և ընկերների ու բարեկամների հետ բարեգործությամբ է զբաղվում, հիմնականում հոգում է առաջնագծի կարիքներն ու օգնում զինծառայողներին։
Հաշվի առնելով, որ այստեղ պայմանագրային զինծառայողների ընտանիքներ կան, նա երբեմն օգնում է բնակիչներին լուծել կենցաղային հարցերը։
Բնակիչներից մեկը` Գագիկը, որը նույնպես տան վարձի թանկացման պատճառով է այստեղ հայտնվել (բնակարանի տերը վարձը 120 հազարից միանգամից 200 հազարի է հասցրել), մեզ պատմեց, որ այստեղ տեղափոխվելու պահին շենքում բացարձակ ոչինչ չի եղել, ամբողջը թալանված էր։
Գագիկը
© Sputnik / David Galstyan
«Ոնց կարային ռասկուլաչիտ անեին շենքը, եթե էն ժամանակ ՊՆ–ի տնօրինության տակ էր գտնվում։ Տեսնում եք վերևում մնացած ալյումինն ու ապակիները։ Այ տենց էր սաղ շենքում, բայց ամեն ինչ թալանեցին, սղոցեցին ու վաճառեցին։ Ամեն ինչ տարան, ինչ կարային։ Վերահսկողություն չկար։ Մնացածը մենք չթողեցինք` թալանեն», – ասաց Գագիկը։
Անզեն աչքով էլ երևում է, որ բնակիչներն աստիճանաբար սկսել են բարեկարգել կացարանը, օգնում են միմյանց։
«Ներքևում 4 երեխայատեր ընտանիք է։ Հայրը առաջնագծում է, ես նրանց համար հա՛մ ջուր, հա՛մ կանալիզացիա քաշեցի։ Նախկին կոյուղու ցանցերը պիտանի չէին», – ավելացրեց Գագիկը։
Հետո ցույց տվեց մի տարածք, որ նախկինում նիստերի դահլիճ է եղել ու հարցրեց. «Վիդեո ցույց տա՞մ, նայես՝ ոնց ա Վազգենը (Վազգեն Սարգսյան) ընդե նստած խոսում․․․»։
Այս տարածքը նախկինում նիստերի դահլիճ է եղել
© Sputnik / David Galstyan
Էլեկտրամատակարարման դադարեցումից հետո տղամարդը երեխաներին գիշերը բարեկամների տուն է ուղարկում։ Բնակիչների պնդմամբ` ընդհանուր առմամբ այստեղ մոտ 150-200 ընտանիք է ապրում։ Իրական բնակիչների թիվը բավական դժվար է գնահատել։
Նշենք, որ երեկ իրավիճակի վերաբերյալ պարզաբանում էր տարածել Պետեկամուտների կոմիտեն, որի հաշվեկշռում է գտնվում շենքը։ ՊԵԿ–ից հայտնել էին, որ համալիրն իրենց է փոխանցվել 2022 թվականի մայիսին։
Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը, շենքերը և շինություններն ամրացվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Երևանի ազատ տնտեսական գոտի կառուցելու նպատակով։ Նշված տարածքում նախաձեռնվել են նախագծման աշխատանքներ՝ հետագայում շինարարությունը սկսելու նպատակով:
Ըստ կոմիտեի` շենք-շինություններում եղել են հարևան համայնքի բնակիչներ թե՛ մինչև ՊԵԿ-ին հանձնելը, թե՛ ՊԵԿ-ին հանձնելուց հետո։ 2022 թվականի հուլիսի 6-ին ՊԵԿ-ի կողմից ստորագրված գույքի հանձնման-ընդունման ակտում արձանագրվել են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակնադիտական ուսումնասիրությունների արդյունքները, շինությունների արտաքին և ներքին վիճակը: Ուսումնասիրությունների ընթացքում շինության տարածքում նկատվել է մինչև 10 անձ, որոնց հետ ոստիկանության ներկայացուցիչները տարել են բացատրական աշխատանքներ, որպեսզի նրանք լքեն տարածքը։ 2022 թվականի վերջին տարածքում, սակայն, բնակվողների թիվը կտրուկ ավելացել է, ինչի մասին ՊԵԿ-ն անմիջապես տեղյակ է պահել իրավապահ մարմիններին:
Պետական եկամուտների կոմիտեն նշել էր, որ հիշյալ շենք-շինությունները 3-րդ աստիճանի վթարային են, տարիների ընթացքում շենքերի գույքը, այդ թվում` դուռ-պատուհանները գողացվել են, և այնտեղ բնակվելը կարող է վտանգավոր լինել անձանց կյանքի և առողջության համար:
Կոմիտեն միաժամանակ շեշտել էր, որ հիշյալ հասցեում էլեկտրաէներգիայի բաժանորդ դեռևս չի հանդիսանում, հետևաբար էլեկտրամատակարարման միացման կամ անջատման հետ կապված որևէ գործողություն չէր կարող իրականացնել և չի իրականացրել: