Վաշտի կացարանի հրդեհի դեպքով հարցաքննվել է Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 2 զինվոր

Բուժհաստատությունում գտնվող 3 զինծառայողից 1-ը սպան է, որն ըստ պաշտոնական վարկածի` 5–լիտրանոց տարայով բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից էլ կացարանում հրդեհ է բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած 2 զինծառայող հարցաքննվել են։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ԲԿ–ում է գտնվում 3 զինծառայող, նրանցից 1-ը սպան է, որը, ըստ պաշտոնական վարկածի, 5–լիտրանոց տարայով բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից էլ կացարանում հրդեհ է բռնկվել։
«Տվյալ բուժհաստատությունում գտնվող 3 զինծառայողից 2-ը հարցաքննվել են։ Նրանք տուժողի կարգավիճակ ունեն»,– ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` տուժած սպան դեռևս ի վիճակի չէ հարցաքննության մաասնակցելու։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված նախատեսված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։