ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Տնտեսվարողների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է։ Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
ՊԵԿ նախագահին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին և հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանին տեղում ներկայացրել են Բագրատաշենի մաքսակետի ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, էլեկտրոնային նոր ծրագրերի ենթահամակարգերի ներդրման ընթացքը, որոնց արդյունքում նախատեսվում է դյուրացնել սահմանահատման գործընթացը, բարձրացնել մաքսային գործառույթների և հսկողության արդյունավետությունը:
«Մաքսային բարեփոխումների արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին մաքսակետում ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները»,– ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեի ղեկավարը և ԱԺ պատգամավորները շրջել են Բագրատաշենի անցակետի տարածքով, ծանոթացել են մուտքի և ելքի ընթացակարգի առանձնահատկություններին, քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:
ՊԵԿ նախագահն ու ԱԺ պատգամավորները այցելել են Բագրատաշենի անցակետ
Հիշեցնենք, որ հունվարի 12–ին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր:
Այսպիսով` երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց ժամկետային սահմանափակումների, իսկ սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով: