Ստամբուլի հայկական եկեղեցու հյուրատանը մահացածները եկեղեցու հետևորդներ էին. Գոչունյան

Ստամբուլում ԶԼՄ–ների և համայնքի շրջանում դեպքի մասով դիտավորություն չեն տեսնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ստամբուլի Բեյօղլու շրջանի Քարաքոյ թաղամասում հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցուն կից հյուրատանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել են եկեղեցու հետևորդները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։
Հյուրատանն ապրում էին եկեղեցու 7 սպասավոր, նրանցից 3-ին հաջողվել է դուրս գալ, 2-ը ծխահարվել է ու գտնվում է հիվանդանոցում, 2-ն էլ մահացել են։
«Զոհերից մեկը Ժոզեֆին Էքմեքչին էր, իսկ մյուսը` Ֆեհին Ակսուպը։ Նրանք հայկական Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու հետևորդներից էին։ Եկեղեցուն կից հյուրատունն էլ պետք է մոտ 1 շաբաթից վերանորոգվեր, քանի որ շենքը բավականին հին էր, խոնավություն կար»,– ասաց Գոչունյանը։
Անդրադառնալով պատճառներին` նա ընդգծեց, որ դեռևս հստակ որևէ տեղեկություն չկա, փորձաքննություններ պետք է կատարվեն։ Գոչունյանը նաև վստահեցրեց, որ ոչ ԶԼՄ–ների, ոչ էլ համայնքի շրջանում դիտավորության վերաբերյալ վարկածներ չեն քննարկվում։