ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է կեղծ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված 1274 տուփ ծխախոտ։ Տեղեկությունը հրապարակվել է կառույցի պաշտոնական կայքում։
Ըստ ՊԵԿ–ի` Երևանում, ինչպես նաև մարզերում մանրածախ առևտուր իրականացնող 3 տնտեսվարող սուբյեկտի գործունեության հասցեներում բացահայտել են 1274 տուփ կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և ապրանքանիշը կեղծված ծխախոտների վաճառքի փաստեր։
«Պարզվել է, որ նշված տնտեսվարողները կեղծ ակցիզային դրոշմանիշերով ծխախոտները ձեռք են բերել առանց ուղեկցող փաստաթղթերի և անհամեմատ էժան գներով»,–ասված է հաղորդագրությունում։
Վերոնշյալ անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը:
Առերևույթ հանցագործության հատկանիշների փաստով նյութեր են նախապատրաստվում քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։