ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել առանց դատարանի որոշման. Բորել

Ժոզեպ Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին որոշումը պետք է կայացնի ԵՄ պետություններից մեկը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Եվրամիությունում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելն անհնար է առանց եվրոպական պետություններից մեկի դատարանի համապատասխան որոշման։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր կարծիքներ կան, բայց նման որոշում չի կարող ընդունվել առանց դատարանի որոշման։ Չի կարելի որևէ մեկին պարզապես ահաբեկիչ հայտարարել այն պատճառով, որ նա քեզ դուր չի գալիս: ԵՄ պետություններից մեկի դատարանը պետք է իրավական որոշում կայացնի՝ կոնկրետ դատապարտմամբ։ Դրանից հետո մենք կկարողանանք աշխատել եվրոպական մակարդակով»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ էին արել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների և Ռուսաստանին իբր ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խոստացել է որպես պատասխան միջոց ահաբեկչական կազմակերպություններ հայտարարել եվրոպական երկրների բանակները և ԵՄ-ին հորդորել էր լավ մտածել:
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը կընդունի, ցանկում 37 անձ կընդգրկվի. ԶԼՄ