ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանի հետ այսօր այցելել են ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային զորամիավորման ինժեներասակրավորային վաշտի կացարան, որտեղ 4 օր առաջ բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողներ էին զոհվել։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Հաղորդվում է, որ քննարկվել են դեպքին վերաբերող հանգամանքներն ու մանրամասները։
«Հանձնաժողովի նախագահը տեղի հրամանատարությանն առաջարկել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ վերականգնվի վաշտի ծառայության առօրյային առնչվող` մինչ հրդեհը եղած անխտիր բոլոր մանրամասները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կորպուսի հրամանատար Գ. Պողոսյանի, բարձրաստիճան սպաների, ինչպես նաև շարքային անձնակազմի հետ հանդիպման ընթացքում պատգամավորները ծանոթացել են սահմանին տիրող իրավիճակին, առկա խնդիրներին և քննարկել են այդ խնդիրների լուծման համապատասխան քայլերը:
Տարածքային ՌՈ սպայակազմի հետ քննարկվել են զինվորական այլ վայրերում խնդիրների վերացման և հրամանների կատարման որակը բարձրացնող հարցերը:
Անդրանիկ Քոչարյանը հրդեհված վաշտի կացարան է այցելել
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։